Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրան թվում էր մանկան մի խաղ
Մեր ընդվզումը, պայքարը թեժ—
Եվ ուր որ կյանք ենք կերտում հիմա —
Նա լոկ տեսնում էր մահ ու աղետ։
110 Եվ ո՛ւժը, ո՛ւժը մեր՝ նոր ծագող,
Մեր հորձանուտը՝ կյանքում հորդած՝
Նրան թվում էր մութ մի հորդա՝
Ու ավերո՛ղ լոկ ու կործանող։
Եվ աշխարհում մեր նայիրական
115 Մեր մենամարտը ընդդեմ հնի —
Նրան թվում էր անիրական,
Ինչպես տարտամ մի, խառը վայրկյան,
Երբ արթնանում ես ծանր քնից։
Եվ նա ասում էր.— Մինչև շիրիմ
120 Պիտի նույն հուշը նա օրորե,
Եվ չե՜ն գա, չե՜ն գա պայծառ օրեր
Ո՛չ ծեր սրտին իր, ո՛չ աշխարհին։
Անցածը հուշ էր չնաշխարհիկ
Նրա սրտի՛ն ծեր, գալիքը — սուտ,
125 Եվ օրորուն այս հին երազով՝
Իրեն կարծում էր նոր մի Նազոն,
Որ հայրենի իր երկրից անգին
Շրջում է որբ ու վտարանդի։ —

V


Ես լսում էի նրան հանգիստ
130 Եվ փակում էի աչքերս երբ —
Թվում էր՝ մեկը երգում է երգ,
Որ հին է, հին է, ինչպես զանգի
Տխուր ղողանջը օրերում այն,
Երբ նայիրյան մի եկեղեցի