Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ մեկն ասաց, որ պետք է փախչել․․․
Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր․․․

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝
320 Մեռած քաղաքի ավեր շենքերում։
Ամբոխվել էին տեսիլներս ահեղ․
Խեղերի նման ցատկում ու պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում։

325 Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի ես — ահավոր, անքուն։
Ու դեմս, կարմիր կրակներ վառած
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
330 Մեռելներ զվարթ ու բազմատարազ։

Գույնզգույն շորեր, մարմիններ մեռան,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած —
Խեղկատակ, արագ ցատկոտում էին,—
335 Իմ սարսափահար աչքերի առաջ,
Անթափանց մթում գերեզմանային․․․

Երգ էին ասում, ոռնում էին խոզ,
Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում,—
Խինդի էր նման ոռնոցը տխուր,
340 Լացի էր նման խինդը կարկաչուն —
Բայց մահվան նման սառն ու ահավոր
Կրծում էր հոգիս ամեն մի հնչյուն։