Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դա հորձանուտն է բանվորական,
Հորդել — գալիս է ահագնորեն,
Որ ծանրությունը պայքարի այս
360 Լայն ուսերով իր էգուց կրե։
Գալի՜ս գալի՜ս են նրանք ահա,
Լցնում երկիրը շառաչով զիլ,
Եվ մեր երգերը է՛լ ավելի
Հնչում են բարձր ու խանդավառ։
365 Դողում է հողը այդ ընթացքից
Եվ եռանդից այդ, խանդից անծայր,
Եվ մեր գալիքը՝ այնքան պայծառ
Ահա բացվում է իմ հայացքին...

VII


Այնքան պայծա՜ռ է այդ ապագան...
Տեսնում եմ՝ վա՛ղը, վա՛ղը, շաղոտ
Երկրի վրա մեր սավետական
Ահա բացվում է մի առավոտ։
Ահա գյուղեր ՈԼ քաղաքներ նոր՝
Երկաթ ցանցով մի իրար կապված,
375 Եվ առօրյա՜ն մեր ահա վաղվա՝
Լցված խինդով նոր ու աղմուկով։
Ահա շեներ նոր, զվարթ տներ,
Ուր լո՜ւյս կա, լո՜ւյս կա, լո՜ւյս կա այնքան․․․
Չկան խուղերը նայիրական,
380 Ուր լույսը փառք էր, եթե լիներ։
Ուր դարեր անթիվ ու տարիներ
Ապրում էր մարդը, ինչպես միջատ,
Ու չար աստված մի՝ երկնից իջած՝
Օրհնում էր կյանքը այն մոխիրե..․