Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխատում են, եռում են բոլորը.
Մրոտած դեմքեր ու ձեռներ։ —
Հիացած՝ Կարմիր Կոմանդորը
Շշնջում է. — Բարև՛, ընկերնե՛ր։ —
105 Ու մտնում են նրանք վիշկաները,
Երկաթե քայլերով շրջում.—
Դառնում են փոկերն, անիվները,
Եռանդի ձայնով շշնջում։
Շշնջում է Կարմիր Կոմանդորը
110 Փոկերի աղմուկի միջից —
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ:

VI


Եվ ասում է նա— Կոմանդորը.
«Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին
115 Ձեր ամեն մի փորած նավթահորը
Մի քա՛յլ է ցանկալի կյանքին։
Բացվել է հորիզոնը լուսե,
Պայքարով ակոսել մի կյանք.
Ձեզ համա՛ր գիշերով մի սև
120 Ավազե դաշտերում մենք ընկանք։
Քսանըվեց էինք մենք, քսանըվեց,
Բայց անթի՛վ, անթի՛վ է մեր անունը.
Ոչ գնդա՛կը մեզ սպանեց
Եվ ո՛չ էլ կսպանե հոգնությունը։
125 Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ —
Մեր երթին— վախճան չկա,
Մեր պայծառ գործին — պարտություն։