Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խփեց ու խմեց։ Նորից խմեց։ Մռայլ։
Ու ոչ մի բառ չասաց։ Գլուխը
Ծանր՝ դրեց կրկին իր բռունցքի վրա.
120 Այդպես անշարժ— մնաց։ Իսկ շուրջը աղմուկ էր
Երգում էր Ղաչազը։— Բայաթի՞ էր, թե ե՞րգ
Թուրքերեն, որ լսել էր Շավարշը.— ե՞րբ։
Գլխում ծանրացել էր մի թանձր մեգ.
Սրտում խլրտում էր կասկածը դեռ։
125 Ուզում էր բարձրանա, թքի հացին,
Իրենց կերած հացին. շուռ տա սեղանը։ —
Արդեն մոտենում էր լուսաբացը.
Իսկ նա դեռ տատանվում էր. չգիտեր,
Թե կատարի՞ արդյոք Դրոյի հրամանը։
130 Ուզում էր տասնոցը հանի, կրակի,
Բայց իրեն զսպում էր. մտածում էր։
Վերջապես տղամարդի վարտիկ է հագին,
Երակներում — արյուն է, և ոչ թե — մածուն է։
Դե Դրոն թագավոր է։— Ու թո՛ղ լինի։
135 Բայց հո չի՞ կարող այդ մարդը
Ինչ ուզենա — անի.—
Բա իրա՞— Շավարշի՞— աշիրա՞թը։
Իր հետ է աշիրաթը։— Շավարշը հիշեց.
Ուղեղում բացվեց լայնանիստ —
140 Ալագյազը... դուման... անաստղ գիշեր...
Շների ոռնոց անհանգիստ...
Անցնում են գյուղերից։ Առջևից — տավարը
Հայկական, թուրքական գյուղերից քշած։
Գյուղերում — ընկել է հավարը.
145 Լաչա՞կ էր էդ գյուղերի գչխին քաշած․․․
Ճռճռում են սայլերը․ ձիերը դոփում։
Սայլերին — երեխեք, կնանիք. բեռ...