Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
180 Օտարի, թշնամու, գրողի պես․
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ,—
Մտածում էր Շավարշը,— հայեր են գեշ,
Այլասերված հայեր, ռսացած․— ոչ
Կռվի երես տեսած, ոչ կռվի ահ․
185 Եվ դա չէ՞ր պատճառը, որ
Ոչխարների նման սարսափահար,
Նրանք փախան ֆրոնտից, տվին էրզրումը,
Հետո Կարսն, Ալեքպոլը․․․ վա՛տ ձեզ, հայե՛ր․․․
Շավարշի գլուխը մտքերից եռում էր․
190 Շավարշը դառը ծիծաղեց.
Խմեց․ ու հոսեցին կրկին մտքերը —
Իրարից ավելի պղտոր ու ծանր,—
Իսկ Ղաչաղը երգում էր, դեռ երգում էր,
Հոսում էր դառնությունը համր․․․
195 Եվ հանկարծ Շավարշը — այնքա՜ն պարզ —
Կարծես դեմը լիներ, կարծես կենդանի —
Հիշեց․— առավոտը բացվում էր, թարմ,—
Շրջապատել էին թուրքական Թալինը։
Երեք օր էր արդեն — կռվում էին․
200 Շրջապատել էին գյուղը չորս կողմից խիտ․
Մարմանդ լուսաբաց էր, երբ
Գյուղը զարթնեց հանկարծ թանձր ծխից» —
Շավարշի տղերքը գիշերը
Վառել էին գյուղը մի ծերից — ու հիմա
205 Չորս կողմից խուժեցին նրանք ներս՝
Փռելով իրենց շուրջը ահ, մա՛հ, մա՛հ։
Աղմուկ, ճիչ, լաց, սմբակների շռինդ․
Ինքը, նստած սև ձին, ձեռին մաուզեր,
Փափախը թեք դրած, մի ձեռով պինդ
210 Գրկած ձիու բաշը՝ արշավում էր...