Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ հանկարծ.... ծառս եղավ Շավարշի ձին. ի՞նչ,
Ի՜նչ զարմանալի հրաշք Շավա՛րշ...
Դիմացից դուրս թռավ մի հրեշտակ, չէ՛․ կի՛ն.
Ձին սանձեց Շավարշը — ու մնաց։
215 Ջաննաթի փերի էր, կին չէ՛ր, չէ՛.
Չէր տեսել Շավարշը այդպիսի կին.
Սարսափած աչքերով կինը նաչեց շուրջը —
Աչքերը սև էին, սև ու ջինջ։
Սև մազերը թափված ուսերին, կուրծքը բաց.
220 Ալաբաստրե, ճերմակ ձյուների նման
Շողշողում էր կուրծքը, ինչպես լուսաբացին
Ալագյազը, երբ ցնդում է դումանը։
Շավարշը սանձել էր ձին, քարացել.
Ազդեցիկ էր տեսքը՝ հագի
225 Կաշվե սև զգեստը, ձին տակի,
Որ սարսափահար ծառացել՝
Խփում էր մի ոտքը հողին, վրնջում էր,
Աչքերից թափում էր բոց, շանթ, ադամանդ, ծուխ.—
Շավարշը լսում էր իր ձիու վրնջյունը
230 Եվ ուռչում էր կուրծքը, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ...
Տեսարանը շքեղ էր. ինքը — զարհուրելի,
Ծառացած կնոջ առջև, ինչպես սուրբ Գևորգ.
Ու կնոջ աչքերը՝ սարսափով չի,
Աչքերը, որպես գիշեր։ Ու թվում էր — ցնորք է։
235 Մի վայրկյան էր միայն, որ տևեց
Երկար, ինչպես դարը։— Շավարշը մի պահ միայն
Ուզում էր բաց թողնել ձին հետևից,
Վախենալով, որ կինը կանէանա,
Կտեսլանա հանկարծ, կցնդի,
240 Կդառնա գարնանային մշուշ, ամպ, ցող —
Ու կմնա լոկ ինքը ու ձին՝
Գյուղամիջին ահից խրխնջացող․—