Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

360 Որ բուք դարձած՝ խեղդում է, տրորում,
Դարձնում աշխարհը, կյանքը, ամեն ինչ-տենդ.—
Կրակում էր խումբը ու նայում հեռուն՝ աչքերում
Արյան, մեգի, մահի, տագնապի նախճիրներ․․․
Շուռ եկավ հետո Շավարշը. մաուզերը ձեռին —
365 — Գնա՛նք,— գոռաց տղերքին,— ու պրծավ դուրս.
Խռպոտ՝ հորդեր կոկորդից քրքիջը,
Հետո — հայհոյանքը․ հետո —
—Եգո՛ր,— կանչեց,—լսո՞ւմ ես. մեզ Դրոն ուզել է,
Ուզում է ուղարկի երկինք՝ եղբայրներիդ քով․․․
370 Ու կրկին շառաշեց Շավարշի մաուզերը —
Ասպատակի, մահի, արյան երգով։
Ահռելի էր Շավարշը. ձեռքին մաուզեր՝
Օրորվելով, գնում էր մեգի միջից.
Հետևից — իր տղերքը. բոլորի ձեռքին — զենք,
375 Բոլորն էլ — իր նման հարբած։— Առաջից
Քայլում էր, որպես սպառնալիք, ինքը. կողքեկողք
Ընկնելով — գնում էր. այրում էր սիրտը տապը.
Հետո բռնեց նրան մի խեղդող դող.
Գլուխը շուռ եկավ. սիրտը թափեց —
380 Հենց այնտեղ, փողոցի մայթերին։— Տղերքը
Բռնել էին նրան։— Փողոցում,
Ուր դադարել էր արդեն մաուզերների երգը —
Մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում։ —
Ծեկը, մոտիկ ընկած, մեռնում էր երևի․
385 Կի՞ն էր, տղամա՞րդ էր, երեխա՞, — անհայտ էր.
Ո՞ւմ ինչ, թե նայիրյան ծագող արևին
Խռպոցով էր դիմավորում այդ մարդը։—
Հանգստացավ Շավարշը։— Եվ երբ,
Բեղերը սրբելով, անցավ առաջ — երկու
390 Զառանցանքի նման երեխաներ,
Աչքերով ամեհի, ահարկու —