Ինչպես շները սովամահ, դաշտում դեգերող,
Հղի կանանց նման փորներն ուռած,
Մագիլների նման ձեռքերով 395
Հարձակվեցին Շավարշի փսխածի վրա —
Եվ սկսեցին լափել ագահաբար՝ ընկած
Երեսնիվայր մայթին, ինչպես շներ,—
Ու նրանց աչքերում պսպղում էր քաղցը՝
Անասնական, անեզրական, անեզր... 400
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Գնում էր փողոցով խմբապետ Շավարշը,
Հետևից — տղերքը, իր նման հարբած։
Արդեն արթնանում էր զառանցող քաղաքը, 405
Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը։
Տներից ելնելով հետզհետե՝ մարդիկ
Անխոս դնում էին՝ դեմքերին հոգս։ —
Անցնում էր Շավարշը, իր խմբով, մայթից,
Տարածում էր շուրջը զարհուրանք, դող։ 410
Եվ հանկարծ — կրկին նա քաշեց մաուզերը,
Առաջին հանդիպած մարդուն հրամայեց.
— Դեպի պա՛տը ռեխդ, դե շո՛ւռ տուր երեսդ,
Տեսնո՞ւմ ես՝ անցնում են մայթից — ահա ե՛ս։ —
— Շավա՛րշն է անցնողը։— Տղերքը զվարթ 415
Հրհռացին բարձր, հայհոյեց Հարոն,—
Ու շուռ եկավ մարդը, նայեց դեպի պատը,
Եվ անցավ Շավարշը՝ հայացքը արյուն։
Եվ հետո — ինչքան նա հանդիպեց մարդու՝
Բոլորին հրամայեց նայել պատին. 420
Բոլորի դեմքերին նա վախ էր կարդում
Եվ դա համարում էր — բարձր պատիվ,
Եվ այդ պատճառով էլ — չափազանց հպարտ էր։