Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ։
455 Գնում էինք լուռ, չգիտեմ, թե ո՞ւր՝
Միշտ նո՛ւյն ծովափով — անվե՜րջ ու անվե՜րջ։

Երբ ուրվագծվեց հեռևում մի լեռ —
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի։
Բայց ծալվում էին սրունքները մեր․
460 Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի —
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՛ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե — լինի։

Ու մնաց այնտեղ։ Ես անցա առաջ։
Նրան երևի ձիով կբերեն։
465 Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՞նչ արած․․․
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմ — նոր քնեմ հոգնած, բեզարած,
Որ երազները հոգիս օրորեն։

Բարձրանում էի։ Վայրենի քամին
470 Ծեծում էր կուրծքս հսկայի ուժով։
Ու մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով։
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով։

475 Մենակ, անընկեր։ Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին։ Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ։
Երբեք չէր եղել մարմինս — այնքան հեզ,
480 Եվ հոգիս — այնքան կամքի ուժ առած։