Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ այդ լուսավոր ձեռքը Արևի
Պատռեց խավարի մորթին անթափանց․
Առանց արցունքի, առանց բարևի
Հեռացավ այն ցող Խավարը վաղանց․

Եվ անո՛ւշ, անո՛ւշ կանչը զանգերի
Ավետեց ներկան մոտիկ Վանքերի․․․։

VIII


0, հինավուրց Վանք․․․ Հայրերիս բագին․․․
Ուր նրանց կնդրուկն է սուրբ մխացել․․․
Ողջունո՛ւմ է Քեզ իմ տրտում հոգին,
Որ սիրում է Քո վեհությունը ծեր:
Ես այստեղ եկա: Աղոթքո՛վ, հույսո՛վ
Անցա իմ ճամփան՝ ամայի ու սին․
Տաքցրի՛ հոգիս չմարող լույսով՝
Փարված Մեծ Հույսին:
Ողջո՜ւյն, Վանահայր․․․ Եկել եմ ահա
Վանքիդ մեջ հոգուս էն աղերսելու․
Խո՛ւնկ դիր մխացող բուրվառիդ վրա,
Որ ես աղոթեմ՝ տրտմսրեն-հլու:
Այս պատերի մեջ — ես գիտե՛մ, գիտե՛մ —
Ապրում է Հոգիս՝ կույս ու անապակ․
Լույս աղոթքներով ես գուցե գտնեմ
Նրա Հրաշքի դարբասները փակ:
Մտնում եմ ահա Վանքիդ մեջ:— Հոգիս
Զոհելու այն Մեծ Հրաշքի համար․
—Օ, կապուտաչյա, անբի՜ծ Սիրուհիս․․․
—Օ, աստվածային հրաշքների Մայր․․․

IX


Հինավուրց Վանքի կամարների տակ,
Ուր մի սրբազան, անիմանալի
Գոյության ճախրում կա լուռ ու պարփակ —
Ես ծունկ չոքեցի՝ աղոթքներով լի:
Թեկուզ չվառվեց տոնական բույլով