Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջահը վերևի, ջահը հազարաչ․
Թեկուզ չխնդաց երկնամերձ բույրով
Օծած խորանի վարագույրը խաչ․
Թեկուզ ո՛չ մի երգ չլսվեց Վանքի
Այն հազարամյա գմբեթների մեջ —
Բայց ես զգացի մի խոր բերկրանքի,
Բախտավորության ու սիրո վայրէջ:
Հասկացա հանկարծ, որ այս հինավուրց
Վանքի մեջ Նրա շունչը կա անանց՝
Որպես երբեմնի դյութող, հոգեցունց
Ժպիտ անապակ ու թախծող կանանց:
Հասկացա, որ այս գմբեթների տակ
Հսկել է Նա իմ երազներիս էն —
Եվ սուրբ Երազիս դյութանքին գիտակ՝
Աղոթել է լուռ, լացել տրտմորեն:
Եվ հասկացա, որ ուխտս ապարդյուն
Չի՜ անցնի երբե՛ք — կգա, կլինի․․․
Եվ ժպտում էր ինձ խորանը տրտում —
Խորանը ցավի, սուգի, արյունի:

X


Օրհնվա՛ծ լինի Սիրուհիս ջահել,
Օրհնվա՛ծ լինի Սերս աստվածային,
Որ հոգուս խորքում անմար է պահել,
ճերմա՛կ Հայրենի՛ք, Քո հմայքը հին․

Օրհնվա՛ծ լինի Տնակն այն հեռու
Եվ Գետն ու Այգին, որ մի իրիկուն
Պատմեցին հոգուս հմայքն ապրելու
Եվ աղոթելու՝ լույսերի՛ն թաքուն․․․

Օրհնված լինիս և Դո՛ւ, գթառատ
Աստվա՜ծ․․․ Օրհնությո՜ւն արևի՛դ, հովի՜դ․․․
Օրհնությո՜ւն և Քեզ, իմ սո՜ւրբ, անարատ,
Ջահե՛լ, իմաստուն, Հայրենի Հովիտ․․․