Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Մեռցնում էինք — ապրելու համար,—
510 Եվ կռվում էինք, և կռվում էին։

Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։
Եվ շատերն էքւն ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։
515 Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում։—

Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում։
Ու վատնում էինք ճիգերս հետին
520 Անհասկանալի տագնապով անհուն։
Եվ չգիտեինք, և չգիտեին,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում։

Իրիկունն իջավ։ Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան։
525 Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան։
— Է՜, մնաք բարի, ընկերնե՛ր արի,
Դուք պատվով անցաք ձեր կյանքի ճամփան։

Իսկ մենք — նենգորեն նահանջեցինք ետ՝
530 Ձյունագիշերի մրրիկների տակ։
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Որ անցնում էինք՝ անկումին գիտակ։
Երբեք չի՛ր եղել հոգիս — այնքան խենթ,
Եվ զանգս — այնքան զառանցոտ ու տաք։