Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

535 Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ։
Բայց մարմինս հավե՜րժ, հավե՜րժ մարդկային
Ապրել էր ուզում։ Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
540 Մյուսների հետ փախչում էի ես։

Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներ էին թռչում ու շաչում։
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում։
545 Եվ ընկնում էին անգի՜ն ընկերներ,
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում։

Եվ երբ արևը բարձրացավ երկինք
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք—
Մեռելների պես սփրթնած էինք,
550 Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք։

Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
555 Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր․
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն—
Մնում են միայն այլանդակ գանգեր։

560 Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
նենգավոր ու խոր ձյուների ծոցում։