Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1916


ՎԱՀԱԳՆ

Փրկությանդ արև՛ Վահագնին տեսար․․․
Հ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրդեհի աստված․ հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի։— Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա։
5 Թե մի՞ֆ էիր դու․․․ Եկան, երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր։
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
10 Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի․․․
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
15 Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ․․․