Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես կրկին ահա քանդում եմ, վառում․
Քաղաքներ, գյուղեր փլչում են իմ դեմ․
Եվ այս անգամ եմ՝ գո՜ռ, անհա՛ղթ արդեն՝
25 Մի կարմիր գիշեր կմտնեմ Հռոմ․․․

Եվ իմ երկաթե բռունցքովը ես
Ձեր տաճարները անդարձ կքանդեմ․
Նորի՜ց կսողան արքաներն իմ դեմ՝
Մանր, ճահճային ճիճուների պես․․․

25 Նրանք — մանր, թույլ ու ողորմելի,
Որ, կույր, խնդացին նստած կրկեսում՝
Երբ Թեոդոսը տեսավ երազում,
Որ կոտըրվե՜լ է նետը Աթիլլի։

Նրանք, որ մի օր իմ անակընկալ
30 Մահով կուրացած, որպես երազում,
Մի ինչ-որ հանգի՜ստ էին երազում
Հոգնած մարդկության ու իրենց համար։

Եվ չըգիտեին, որ ես չե՛մ մեռել,
Որ ես չե՛մ մեռնի, որ եղել եմ, կամ՝
35 Նորից կքնեմ, նորի՜ց կարթնանամ․—
Ես — հազարանուն՝ Մահ, Ավերք ու Նեռ․․․
 

II


Տեսնում են նորից իմ աչքերը նեղ,
Որ հին նժույգիս սմբակների տակ
Ցնդում են, որպես տարտամ հիշատակ,
40 Ձեր երազային շենքերը բյուրեղ․․․