Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հե՜յ, արևմուտքից մինչև արևելք
Պիտի հրդեհեմ ու քանդե՜մ հիմա՝
Ես — արքա՜, աստվա՜ծ, տե՛նդ, դժո՛խք ու մա՜հ
Ես — ճշմարտության խարազանը մերկ։

45 Եվ թո՛ղ աշխարհի տերերն իմանան,
Եվ խոր ըմբռնեն մի վերջին անգամ,
Որ եղե՛լ եմ ես, կլինե՜մ ու կա՛մ,
Ես — անհերքելի ու հավերժական․․․

Եվ թո՛ղ մարդկային ցեղերն առանձին
50 Հավիտյան հիշեն աղոթքում, երգում,
Որ խոտ չի՛ բուսնի այլևս այն երկրում,
Որով անցել է Աթիլլի հին ձին․․․

Թող հիշեն, որ իմ հին կամքը բռնի,
Քանդումի, հրի իմ երազը հին,—
55 Երբեք չի ցնդի, երբեք չի՛ մեռնի,
Ոչ-ոք չի՛ հաղթի արքա Աթիլլին․․․

III


Իսկ երբ մի գիշեր կրկին հագենամ,
Երբ հոգնի խաղից մարմինս արի—
Նորի՜ց կքնեմ մի քանի տարի,
60 Ոսկի դագաղիս գիրկը կգնամ։

Եվ ինձ իմ մռայլ հսկաները խենթ,
Առանց աղոթքի և առանց խոսքի,—
Նորի՛ց կթաղեն դագաղում ոսկի
Եվ թաղողները կթաղվեն ինձ հետ—