Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևի հսկա մի շողքի նման
Զարկել էր բոցը Արարատ սարին,
Որ վառվում էր տոթ, պարում ալվլան,
70 Ողջակեզ դարձած խավար աշխարհին։
Ու լուռ էր այնպես. ձայն, շշուկ չկար,
Կանգնել էր կարծես ժամանակը քար,
Որ հրդեհը այդ Հավիտյան տևի․․․
Կրակահանդես, տոն էր երևի
75 Տոթ, արնակրակ հրդեհը այդ վառ —
Աշխարհի համար — մարդկության համար.․․

6


Նայում էի ես սրտով հրատապ
Ու թարթում էին աչքերս մխից —
Երբ տեսա հանկարծ, որ մեկը, շտապ,
80 Փախչում է ահա հրդեհի տեղից։
Հրդեհի կարմիր լույսով ողողված՝
Կարմիր էր թվում թուխ դեմքը նրա։
Վազում էր, գլուխն ու ճակատը բաց,
Ե՛վ աչքերը իր — կրակի քուրա —
85 Բոցկլտում էին քինոտ ու դաժան.
Եվ շրթունքներով- թուխ ու ալևոր
Մռմռում էր նա, երդվում էր նա, որ
Չի՛ դրժի երբեք ուխտը սրբազան։
Ո՞ւր էր նա փախչոլմ և ինչո՞ւ համար,
90 Ինչո՞ւ էր վազում ու երդում անում։ —
Քարոտ էր ուղին, հրդեհ ու խավար,
Բայց վազում էր նա, չէր հանգստանում։
Երբեմն միայն թաշկինակը իր
Մոտեցնում էր շրթերին կարմիր
95 Ու շրթին սեղմած ձյուն-թաշկինակում