Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

135 Աշխարհում այս մութ, նենգ ու խոլական—
Ո՛չ մի ազգ չկա հայի պես թշվառ․․․»։
— Լավ, ճառ մի՛ խոսիր, մենք այդ չենք ուզում
Գիտենք, որ ճառեր դու լավ ես խոսում,
Դու մեզ այն ասա՝ ի՞նչ արիր, Ահո՛,—
130 ճառերը հետո, խոսքերը հետո։
Դու, որ քաջ ես միշտ, շիտակ, անսասան —
Կատարի՞ր արդյոք պարտքդ սրբազան։
— Իհարկե, տղերք․․․ ի՜նչ խոսք այդ մասին․ —
Ձեռքը դնելով․ ընկերոջ ուսին
135 Նորից սկսեց Ահոն քաղցրաձայն.
(Այդ մարդը ուներ այնպիսի մի ձայն,
Որ եթե խոսեր մի մութ փողոցում—
Կասեիր՝ այնտեղ սրինգ են ածում․․․)
«—Վառվում են այնտեղ երեխա ու կին․․․»։
140 Բայց ընկերները խզեցին կրկին
Խոսքերը նրա։— «Ի՞նչ արի՛ր, ասա,
Պատմիր սկզբից եղածը գործի»։ —
Ու պատմեց Ահոն,—«Հենց որ տեղ հասա
Առաջին գյուղում հրդեհը գցի։
145 Խավար էր, տղերք․․․ ի՞նչ իմանայի...
Դուրս եկավ սակայն, որ․․․ գյուղ Է հայի․․․
Բայց էս դեռ ոչինչ, դեռ ոչի՛նչ, տղերք.
Այն էր՝ հավաքվել մարում էինք մենք՝
Ջուր էինք լցնում կրակի վրա—
150 Տեսնենք հարևան տեղերից ահա
Օգնության եկավ գյուղը դրացի․
Լավ է, կմարենք, մտքումս ասացի —
Մեկ էլ էն տեսա, որ կրակը թեժ,
Որպես մի վիշապ, ագահ մի հրեշ,
155 Հնոցի նման բռնկվեց միգում․․․
Ու գյուղը մնաց կրակի գրկում։