Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտե թշնամու արյունը քամել.
Ով գիտե նրա արյունը խմել,
Նա չի հալածվի գերության ներքո.
250 Կռվով կգտնես իրավունքը քո...»։
— Շատ ես աղմկում, ընկեր Վետերան,—
Ձայն տվեք հանկարծ ընկերը նրան —
Ու թռավ, կանգնեց մի քարի վրա․
Լեգեոն էր հին անունը նրա—
255 (Որ թե թարգմանել դուք կարողանաք՝
Հայերեն լեզվով կլինի «բանակ»)։
Դողում էր․ նրա մարմինը ամբողջ․
Բարձր քրքջալով խոսքին ընկերոջ՝
Խոսել էր ուզում, չէր կարողանում.
260 Խեղդում էր նրան զայրույթը անհուն։
Բայց զսպեց իրան, զայրացկոտ հազաց
Ու հզոր ձայնով հաղթ, հաստատ ասաց․
— «Ես չեմ հավատում ձեր սին խոսքերին․
Չեմ կարող լինել խոսքերի գերին.
265 Հայո՜ց աշխարհում արյուն է հոսում—
Դուք կանգնել այստեղ ճառեր եք խոսում․․․
Ո՛չ ես չեմ կարող։ Ես ասում եմ, որ
Ամենից առաջ գործ է հարկավոր։
Դուք կանգնեք այստեղ դաշտում ամայի,
270 Ես կերթամ ահա երկիրը մահի,
Կզոհեմ ա՛յնտեղ ես իմ կյանքը, ինձ,
Գուցե և մեկին փրկեմ կրակից..․»։
Եվ ճիշտ որ, իսկույն, առանց նայելու,
Նա ճամփա ընկավ՝ իր խոսքին հլու։
275 Վետերանն ուզեց կանչել, համոզել,
Բայց ընկերն արդեն կորել էր, չկար։
Եվ նա վերստին սկսեց խոսել․
— Ես խենթ չեմ, ասաց, կույր ու խելագար.