Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես կծում էի շրթունքները իմ,—
400 Նման էր ողջը երազի, քնի.
Վախենում էի, որ երազ լինի...
Տեսնելով սակայն, որ չեմ արթնանում,
Խո՜ր ակնածանքով, հարգանքով անհուն
Ես մտածեցի․ աշխարհում այս մութ
405 Ինչե՛ր չի անում ժամկոչը հմուտ...
Անհասկանալի հրաշք ես դու, կյանք,—
Բավական էր մի ազդու ահազանգ—
Եվ փրկվեց ահա մեր ազգը մահից։
Եվ չէի ուզում հավատալ ես ինձ,
410 Բայց երբ որ մեկ էլ նայեցի ես վար—
Չհավատալու էլ հնարք չկար։
Չռած աչքերով տեսնում էի ես.
Ներքևում ահա, հրձիգներ ասես,
Ձեռքերին կարմիր լապտերներ առած
415 Մեր խենթն ու Ահոն ընկել են առաջ —
Հետքերից գցած բազմությանը հոծ
Գնում են փրկեն ժողովուրդն հայոց.․․

13


Ու զարմանք կտրած, սրտիս խնդություն,
Ես նայում էի — չէի հավատում
420 ախտից կուրացած իմ թաց աչքերին.
Եվ արցունքները հորդ հոսում էին
ճամփեքի վրա նրանց սրբազան...
«Երանի՜ նրանց, որ ձեզ չտեսան,—
Բացագանչեցին շրթերս դողդոջ.
425 — Քանի որ նրանք աշխարհում այս փուչ
Չեն տխրի հետո, երբ դառնա երազ
Ոգևորության սուրբ վայրկյանը այս․․․»։