Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոցը, որ նրան ուզում էր լափի—
Բղավեց խզված ձայնով տագնապի.
— Հե՜յ֊հե՜յ, դո՛ւրս արի, Լեգեոն եղբայր։
Բայց չէր լսում նա։ Նույն ջանքով անմար
490 Կրակի տակից քաշում էր մի բան—
Ու նայում էին բոլորը նրան։
— Օ, սաղամանդրա առասպելական,
Հայր իր փառքով քեզ է պարտական.—
Աղաղակեցի ես ձայնով հուզված—
495 Բայց նա նույն պահուն ձեռքերով կիզված
Դուրս քաշեց հրից այլանդակ, դեղին
Մի անմիս դիակ — ու մի անկողին։
Երբ դուրս եկավ նա ու բեռը դրեց —
Դեմ վազեց Ահոն, ամուր համբուրեց
500 Ու անհուն սիրով փաթաթվեց նրան․
— Օ, ցնցող սիրո ցնցող տեսարան...
Ահոն երևի դեռ երկա՜ր֊երկա՜ր
Ընկերոջ կրծքին փաթաթված մնար,
Բայց ընկերը շատ չուներ ժամանակ՝
505 Սերն համարելով անտեղի հանաք՝
Մեղմ հրեց նրան ու հոգսոտ, լռին
Մոտեցավ հրից ազատված իրին։
«— Դե, պատմի՛ր, պատմի՛ր, այս ի՞նչ ես անում․
Մեղքս ի՞նչ պահեմ. ես չեմ հասկանում—
510 Գցել ես դու քեզ այդ կրակն անել...
Բայց հրի միջից այդ ի՞նչ ես հանել..․»։
Ու տխուր ժպտաց Լեգեոնը ծեր.
«— Դիակ է, ասաց, մեռած աղջկա.
Դիակներ են լոկ այստեղ մնացել—
515 Ուրիշ ժողովուրդ այս երկրում չկա․..»։
— Բայց դու, Լեգեոն, դու ի՞նչ ես անում։
— Կրակի միջից ես բուրդ եմ հանում...