Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

550 Շո՛ւտ գործի անցեք. գիտեք, որ հիմա
Ձմեռ է այնտեղ, ու քամի, ու մահ,—
Իսկ որբերը մեր պառկած են հողին —
Մերկ... գետնի վրա... առա՛նց անկողին»։
Ու նետվեց նորից նա կրակը թեժ,
555 Որպես զոհ կարմիր, որպես ողջակեզ...

16


Ու հետևելով սուրբ օրինակին,
Բոլորը իրենց տվին կրակին —
Ստվար խմբերով կրակը ընկան...
— Ախ, գործում նրանց եռանդ կար այնքան,
560 Որ ես, ընկճված նրանց եռանդից,
Հայհոյում էի, ատում էի ինձ,
Որ չեմ աշխատում, չեմ գործում ես է՛լ»
Որ գիտեմ միայն երգել ու խոսել.
(Ախ, չէր մոռացել իմ խենթ սիրտը դեռ,
565 Որ երգիչ եմ ես... երկնքի թիթեռ.․․)
(Աստված իմ, աստված,ի՜նչ եռանդ էր այդ։
Ես չէի տեսել այդպիսի եռանդ.
Զէի է՛լ լսել աշխարհում այս սին
Այդպիսի հսկա եռանդի մասին...
570 Չէր անցել գուցե և մի ակնթարթ
(Սրան են ասում իսկական եռանդ) —
Կրակի մե՛ջ էլ բուրդ չէր մնացել.
Ե՛վ հանել էին, և հարմար բարձել
Ձիերի վրա բուրդը արնակեզ.
575 Այն արնոտ բրդի մի քարվան էր մեծ,
Որ ճամփա ընկավ երգով հաղթական
Դեպի հեռավոր վայրը գաղթական,
Ուր թափվել էր վար խուռը, բազմահոծ,
Հրդեհից փախած ժողովուրդն հայոց։