Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

610 Եվ ես լսեցի, որ դաշտում այդ մութ
Զառանցում է մի մեռնող ժողովուրդ․․․

18


Ձյուն, բուք էր դաշտում։ Գիշեր ու քամի։
Ոռնում էր քամին,՝ փնչում էր ու մի
615 Մահվան երգ դարձած, ձուլված խավարին,
Գնում էր դիպչում հին Մասիս սարին։
Ախ, ինչե՜ր ասես այդ երգում չկար․
— Մեռնող պառավի կանչեր խելագար.
Ձյունը ճանկռտող հիվանդի հառաչ,
620 Քաղցից անասուն դարձածի բառաչ,
Մանկան մղկտանք, որ նվում է խուլ —
Մորթում են կարծես նոր ծնված մի ուլ...
Ու լալիս էին, ու քրքջում էին.
Քրքջում էր քամին, երգում էր քամին,
625

Նվում էր քամին հուսահատ ու խուլ-

Ու այս էր ասում այդ երգը տխուր —
«Մա՜հ է այստեղ. հազա՜ր֊հազա՜ր
Հեռանում են ու մարում—
Այս անիծված, անհավասար,
630 Արյունահեղ աշխարհում։
Բուք է այստեղ, ձմեռ ու մուժ,
Մահվան սարսուռ ու քամի—
Տեր է այստեղ մահը խուժդուժ՝
Բարեկամ ու թշնամի։
635 Համրվում են ժամերն անդարձ
Ու աշխարհից ցուրտ ու մութ
Հեռանում է անվերադարձ
Մի արնաքամ ժողովուրդ․․․