Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՄԱ

I


Որպես քուրմը Գանգեսի,
Կարոտակեզ, սիրակեզ —
Կյանքս տվե՜լ եմ լույսիդ
Եվ երգում եմ քեզ։
5 Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա,—
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելագա՜ր Սոմա՛։

II


Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
10 Ու սիրտս — գարուն,
Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտրում
Այս չար աշխարհում։

Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
Քո դեմքը հրե,—
15 Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրե։

71