Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այնտեղ, կանաչ ու ծաղկաշատ գետափին
Տնակս այնքա՜ն հոգեթով էր ու անդորր.
Լսում էի ալիքների երգը հին,
Որ ինձ թվում էր մայրական մի օրոր։
45 Ալիքների հազարաձայն երգի մեջ
Ես գիտեի գուշակել քո ապագան,
Լսում էի կարոտերգերդ անվերջ,
Լսում էի խոստումներդ՝ ես կգա՛մ։
Ուռին, բարդին ու թթենին գետափնյա
50 Լսում էին ինձ հետ երգերը ջրի
Ու սիրտ շոյող շշուկներով դյութական
Թախծում էին մենության մեջ օրերի։
Ա՜խ, իմ գետակն ու իմ այգին հայրական,
Գետեզերքին՝ իմ երազը տխրամած.
55 Ե՞րբ ե՞րբ էր, որ ասացիր՝ ես կգամ —
Ու խոստումիդ սիրտս խնդաց ակամա...

IV


Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս...
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Ու փսփսում էր երազներ անհունի
60 Գորշ օրերի միանման երազում։
Ելնում էր մայրս տնակից հնամյա,
Ծեր քայլերով գնում էր ափը ջրի
Ու թթենին մեղմ օրորում էր նրա
Թախիծը հին, անհրապույր օրերի...
65 Ես չըգիտեմ, ես չըգիտեմ հիմա էլ՝
Աղջի՞կ ես դու, թե այն տնակն ու այգին,
Ուր հոսեցին իմ երազները ջահել
Ու վայրկյանները անսփոփ պատրանքի։
Բայց ես գիտեմ, որ սիրեցի քեզ մի օր,