Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն

այդ անհունը—

Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե,

իմաստո՛ւն։


XLII


Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով

ամբողջը,

Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով

ամբողջը.

Նա սիրում է «հավերժը» միայն․ ախ, նայե՛ք՝ նա

փնտրում է «կայունը»—

Եվ գտնում է մի... գինու շիշ — ու չափում նրանով

ամբողջը։



XLIII


Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ

տրվի.

Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու

լինում անվերջ—

Եվ գուցե քեզ մա՛հը միայն միանգամ ընդմիշտ տրվի։



XLIV


Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան

կյանքում․

Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան

կյանքում.

Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է

մեռնում և մեռնողը,—

Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր

վայրկյան կյանքում։