Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք ձգտում են վեր, որ աշխարհի վրա
Փռեն կարմի՜ր խնդում։

Նրանք ձգտում են վեր,
Հավաքվում են երկաթ վիշկաների ներքո,
25 Որ վրնջան զվարթ և լույս աշխարհ հանվեն—
Աշխատանքի հզո՜ր բանակների ձեռքով...

Ինչքան է դեռ անցել այն օրերից մռայլ,
Երբ դեռ Ոսկին՝ հանված բանվորների ձեռքով—
Դեղնություն էր թափում նրանց գլխի վրա
30 Ու ճնշում էր նրանց իր սև կամքի ներքո։

Երբ դեռ Ոսկին դեղին,
Ստրկության Ոսկին
Հոսում էր վեր՝ երկաթե վիշկաների միջով—
Եվ իրեն կյանք տվող բանակների գլխին
35 Վառվում էր սև մաղձի դառնության բոցով։

Ոսկի՜ն, Ոսկի՜ն դեղին,
Որ դաժան կամք դարձած տարիների ցանցում—
Նրանց, որ դուրս բերին իրեն կրծքից հողի—
Երակներն էր վառում ու աչքերը խանձում։

40 Երբ դեռ Բաքուն, Կասպից հռնդալից ափով
Ու երկաթե դաժան ժանիքներով իրա
Բացվել էր սև, որպես բազմություններ լափող
Մի վիթխարի բերան,
Երբ, երկաթե իր սև ծնոտներով խոնավ
45 Նա քրտինք էր ուտում ու մկաններ ծամում—
Ու թքում էր հետո, դեղին խորխի նման
Նրանց— Կասպյան ճղճիմ, թարախահամ

քամուն.․․