Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԿԻՆԸ ՃԱՄՓԱՄԻՋԻՆ


Քաղաքում այս ոսկե,
Եբենոսյա,
Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
5 Նորից ու նորից,
Ի՞նչ ես ուզում դու — ասա՛։

— Ահա հույսերը սև՝ սև շների նման՝
Կաղկանձեցին նորից, հուսահատ ու մռայլ,
Իմ բիբերի նսեմ լուսինների վրա,
10 Որ երբեմն լուսե՝ խավարել են հիմա։
Այնպես երկա՜ր — երկա՜ր կաղկանձեցին նրանք
Իմ բիբերի նսեմ լուսինների վրա...
Ինչպես ոսկի ու սուգ — իմ մազերի հյուսկեն
Խենթանում է, հուզում ոհմակներին այդ սև,
15 Ու մեղավոր, մաքուր իմ մարմընի ոսկին
Երազներ է ցրում խելագար ու լուսե։

— Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
20 Ի՞նչ ես ուզում դու — ասա՛։