Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեպի մեր խուղերը գորշաքար,
70 Դեպի մեր երկիրը քոսոտ։

Նա պարզել է ձեռքը անշեղ,
Տալիս է զարթնումի նշան։ —
Ես տեսնում եմ դեմքը նրա շեկ
Եվ աչքերը նրա դրոշակ...

V


75 Իսկ դո՞ւ, պոե՛տ Աշնուտի,
Քո գլուխը ինչո՞ւ ես կքել
Ու թողել ես, որ մուժը մթին
Մշուշե թե՛ սիրտդ, թե՛ քեզ։

Սի՛րտդ, սի՛րտդ ինչո՞ւ է սև․․․
80 Թե՞ կտրել է արդեն անթիվ
Գետնահար զոհերի հետ քեզ էլ
Օրերի անդարձ գերանդին․․․

Օ, մգլած մրգի՛ նման մի
Դու գլուխդ գետին ես թեքել,
85 Եվ թողել ես, որ աշնան քամին
Մազերիդ անձրևներ թքե։

Օ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․
Միթե դու Ալեքն ես հիմար,
Որ անցած հեռուներն ես տենչում
90 Մորմոքող քո սրտով հիմա։

Օ, հիմա՛ր, խե՜ղճ մասխարա․․․
Չգիտե՞ս, որ թախիծը ձյունե
Թևերով իր պաղ-անկրակ
Դեպի հինը քեզ չի՛ թռցնե։