Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաչակիր — Անվանելով իր հերոսին Չ—ն ընդգծում է նրա տառապանքի, կարոտի և սիրո խորությունը այն համեմատությամբ, ինչ կարող էր ունենալ Երուսաղեմում մարտնչած ասպետը՝ արշավանքից վերադառնալիս։

Սուրբ քաղաքը — Երուսաղեմն է, որտեղ քրիստոնեական ավանդությամբ իբր խաչվել է Հրիսուսը։

Պիլիգրիմ — Լատիներեն բառ է՝ օտարական. օգտագործված է թափառական ուխտավոր իմաստով (այդպես էին անվանվում խաչակրաց ասպետները)։

Մավրեր — Արևմտյան Եվրոպայում անտիկ Ժամանակներից սկսած մավրեր են կոչվել Աֆրիկայի հյուսիսի (Եգիպտոսից բացի) բնիկները։ Հիշատակվում են խաչակիրների հակառակորդների շարքում․ անվանումը անորոշ է և հնացած։

Բեդվիններ — Կոչվել են Արաբական թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի հնում թափառիկ և կիսաթափառիկ արաբները․ ակնարկվում է թափառելու և խարույկներ վառելու նրանց սովորությունը։

Արշավում էր դեպի Դամասկ — Կարելի է ենթադրել, թե նկատի է ունեցել սարացին Արմիդայի սիրուց հեռավոր Դամասկոս արշավելու խաչակրաց անվանի ասպետների խանդոտ պատրաստակամությունը Տասսոյի պոեմում։

Կարմիր քաղաքը — Երուսաղեմն է, որտեղ իբր հոսել է Քրիստոսի արյունը։

Սարացիններ — Անտիկ հեղինակների վկայությամբ անվանվել են Արաբիայի հարավի և արևմուտքի բնակիչները․ վաղ միջնադարից այդպես են կոչվել արաբներն ամբողջովին, ավելի ուշ անվանումը տարածվել է իսլամ դավանող բոլոր ժողովուրդների վրա։ Տասսոյի պոեմում սարացինները խաչակիրներին թշնամի ցեղերից ամենախարդախն են ու ամենակատաղին. նույն այս իմաստով էլ օգտագործում է Չ-ը։

Զառացանք էր՝ խու՛լ միստերի — Նկատի ունի 14—16 դդ․ արևմտաևրոպական ռեալիստական թատերական միստերիա ժանրը՝ կրոնական սյուժեներով և կենցաղային կոմեդիական տեսարաններով։ Այդ բառով ընդգծվում է կույսերի մոլեգնության մոլեռանդ ու կոմիկական բնույթը միաժամանակ։