Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

...Թագավոր Կոլին թռցրել են թախտից — Ակնարկում է Նիկոլայ II ցարի տապալումը 1917 թ, փետրվարին։

Ընտրված է ժամանակավոր կառավարություն — Ակնարկում է իշխան Լվովի գլխավորությամբ Ժամանակավոր կառավարության ստեղծումը 1917 թ մարտին։

Մենշևիկ — Մենշևիկները մարքսիզմ — լենինիզմին թշնամի օպորտունիստական խմբավորում էին նախահեղափոխական Ռուսաստանի բանվորական շարժման մեջ։ Այստեղ ակնարկվում են վրաց մենշևիկները։

Ընտրելու ենք էստեղ Սահմանադիր ժողով — Համառուսական սահմանադիր Ժողովը, որ պիտի գումարվեր Ժամանակավոր կառավարության օրերին, կեղծ խոստում էր, ձգձգվում էր անընդհատ, բորբոքելով նախընտրական մեծ պայքար։ Սահմանադիր ժողովի ընտրությունները անց են կացվում 1917 թ․ նոյեմբերից, Անդրկովկասում գործող յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել էր թեկնածուների ցուցակ, որն ուներ իր համարը։

Փստա — Բառացի՝ շագանակ։ Չ-ը ծաղրում է մենշևիկների նախընտրական խոստումները։

Ձայն տվեք № առաջինին — Սա անդրկովկասյան մենշևիկների թեկնածուների ցուցակն էր։

Ամխանադեբո—չվենի — Վրացերեն ընկերներ ու մեր բառերն են․ ուզում է ասել մենշևիկներն ասում էին՝ քվեարկեք մեր ցուցակի օգտին։

Մուսավաթ — Հակահեղափոխական բուրժուական—կալվածատիրական ազգայնական կուսակցություն Ադրբեջանում։ Գործել է 1912 թվականից։

Կադետ — Կադետներ են կոչվել 1905—1917 թթ․ Ռուսաստանում գործող իմպերիալիստական բուրժուազիայի կուսակցության՝ սահմանադրական—դեմոկրատների, ներկայացուցիչները։

Յոլդաշլար — Ադրբեջաներեն՝ ընկերներ։

Իթ — Ադրբեջաներեն բառ է՝ շուն, ակնարկում է նախընտրական բորբոքված պայքարը Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների միջև։