Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1918 թ. մարտի 18—ապրիլի 8). նույն օրերին Էլ թուրքական զորքերը գրավում են Բաթումը։

Այդ առթիվ պատմաբան Լեոն (Առաքել Բարախանյան, 1860—1932), որ մասնակցել է կոնֆերենցիային որպես խորհրդատու և վերադարձել Թիֆլիս՝ Փոթիի վրայով,— գրում է. «Սամտրեդի կայարանումն ենք։ Ժողովրդական մեծ հավաքումներ կան։ Դատում, խոսում են մեծ անցքի — Բաթումի գրավման մասին։ Այս աղետը վաղուց հասունացած էր, ամեն մեկն էր զգում նրա անխուսափելիությունը։ Մի առաջնակարգ բերդ չէր կարելի մի բուռն մարդկանցով պաշտպանել։ Բայց արի՝ տես։ Վրացի գյուղացիները չիբուխին զոռ են անում և նրա ծխի հետ նոր ու նոր հայտնություններ են հանում իրանց փորից։ Բաթումը, ասում են, չէր ընկնի, Չխենկելին է նրան տվել թուրքին, մեծ կաշառք ստանալով։ Չիբուխի ծուխը կաշառքի չափն էլ հանեց գյուղական փորերից, կարծեմ 30 թե 40 հազար մանեթ․..» (Լեո — «Անցյալից», 1925 թ․, Թիֆլիս, էջ 392)։

Է՜խ Կարճիկյան, էդ ուր գը—նում ես — Նկատի ունի Սեյմում ֆինանսների մինիստր Խ․ Կարճիկյանին (1882 —1918), որը, սակայն, չի մասնակցել թուրք—անդրկովկասյան կոնֆերենցիային ինչպես Տրապիզոնում, նույնպես և Բաթումում (ապրիլի վերջերին)։

Մտնում է փաշա, ապա գերմանացի սպա — Ակնարկում է գերմանա—թուրքական գերիշխանությունը Անդրկովկասում 1918 թ․ գարնան ու ամռան ամիսներին։

Վա՞ս մախեն զի — Գերմաներեն՝ ի՞նչ եք անում դուք։

Զեյո գութ — Գերմաներեն՝ շատ լավ։

Ալզո, հե՛ռու — Գերմաներեն՝ ուրեմն, պարոն։

Դուք էգուց Սեյմը կցրեք, կդառնաք տերություն երեք — Ակնարկում է թուրք— անդրկովկասյան, այսպես կոչված, խաղաղության կոնֆերենցիայում գերմանա—թուրքական կողմի առաջարկությունը անդըրկովկասյան «անկախ» հանրապետություններ կազմելու վերաբերյալ, որ ընդունում և վավերացնում են մենշևիկների, մուսավաթականների և դաշնակցության ներկայացուցիչները առանձին—առանձին (Չխենկելի, Խան—Խոյսկի, Խատիսյան) 1918 թ․ մայիսի վերջերին Բաթումում։

Իսկ մենք գալիս ենք — գնանք Բաքու — Ակնարկում է թուրքական զորքերի առաջխաղացումը Բաքվի ուղղությամբ 1918 թ. ամռանը։