Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դաշնակը... էգուց — Այսպես կոչված «անկախության» դաշնագիրը դաշնակցության ներկայացուցիչը ստորագրել է մենշևիկների և մուսավաթականների ներկայացուցիչներից մեկ օր հետո։

Կափատ — Գերմաներեն՝ վերջ, չլինի, ջախջախվի։

Աուֆ վիդերվեեն — Գերմաներեն՝ ցտեսություն։

Չոխ ռալամաթ — Ադրբեջաներեն՝ շատ բարի, շատ լավ։

Թոփչիբաշև — Մուսավաթների կուսակցության գործիչներից։

Հորիզոն — Հասարակական, գրական, քաղաքական օրաթերթ՝ հրատարակությամբ Հ․ Հ․ դաշնակցության։ Հրատարակվել է 1909—1918 թթ. Թիֆլիսում. 1918 թ. № 20—ից վերանվանվել է «Նոր հորիզոն»։

Սաքարթվելո — Հասարակական—քաղաքական օրաթերթ, վրաց ազգային—դեմոկրատների օրգանը․ լույս է տեսել Թիֆլիսում։

Մշակ — Գրական—քաղաքական լրագիր. հրատարակվել է 1872—1920 թթ. Թիֆլիսում։

Թուրքերը հասել են Ղարաքիլիսա — Տեղացիների չորսօրյա համառ դիմադրությունից հետո թուրքական զորքերը Ղարաքիլիսա (այժմ Կիրովական) են մտել 1918 թ. մայիսի 28—ին։

Բալշևիկները Գանձակ...— Ակնարկում է Բաքվի կոմունայի հեղափոխական ուժերի մարտերը 1918 թ. մայիսին Գանձակի (այժմ Կիրովաբադ) ուղղությամբ։

Գերմանացիք ջարդվել են Վերդենի տակին — Ակնարկում է ֆրանկո—անգլիական զորքերի հաջողությունները գերմանացիների դեմ 1918 թ. հուլիսի կեսերից Մարնա գետի ափերին մղած ճակատամարտերում։

Վեչերնի — Ռուսերեն՝ երեկոյան. այստեղ՝ երեկոյան թերթեր։

Լեհաստանի նոտան Չիչերինին — Նկատի ունի լեհ—սովետական հարաբերությունները 1918 թ. ամռանը, երբ լեհական հարցը իմպերիալիստական տերությունները օգտագործում էին սովետական երկրի դեմ։ Գ. Վ․ Չիչերինը (1872—1936) Սովետական Միության արտաքին գործերի կոմիսար էր 1918 թ. մայիսի 30—ից (մինչև 1930 թիվը)։