Իմ հոգում պարեցին նրանց
Մարմինները լու՜յս ու լուսե։
XX
Եվ, ինչպես հավաքվում է քամին
Դաշտերում մառ ավազե, 155
Կամ ինչպես չար թշնամուն
Մոտենում են քայլերն հովազի,
Կամ ինչպես բեդվինը չարկամ
Հարձակվում է հեռվից հանկարծ—
Մի կարոտ խո՜ր ու ագահ 160
Իմ հոգում շաչեց ու ընկավ։
XXI
Մինչև լույս աղմկեց իմ հոգում
Այդ կարոտը, որպես ուրագան,
Մինչև լույս մռնչաց անքուն
Այդ կարոտը չա՜ր ու ագահ։ 165
Մինչև լույս իմ հոգում շաչեց
Այդ կարոտը, որպես է՛գ մի հովազ,—
Ու ծեգին իմ սիրտը հողմածեծ
Անապա՜տ էր արդեն գորշավազ։
XXII
Անապատ էր արդեն գորշ ու շոգ 170
Իմ հոգին՝ տապ ու մթին,
Ուր անբավ կարոտը ճնշող
Հղանում էր տենդեր անմեկին։
Կախված էր իմ գլխին կարծես
Անշարժ ու շոգ մի արև— 175
Ու ծարավ արշավում էի ես
Դաշտերում անջուր—մոխիրե․․․