Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


N.—ԻՆ՝ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

Պետրոս Մեծի այս քաղաքից,
Որ Լենինի քաղաքն է է՛լ,
Գրում եմ քեզ ահա, ընկե՛ր,
Տողերը այս տրտմաթախիծ։—
5 Տխրություն կա մի անարգել,
Որ հասակ ենք առնում մենք է՛լ,
Դառնում ենք հուշ, դառնում անցյալ,
Ինչպես արտը՝ արդեն հնձած,
Ինչպես շենքերն այստեղի հին,
10 Որ, տե՛ս, կառչած միայն երգին
Այն պոետի մեծաքանքար —
Հուշ են դարձել հիմա հանգած:—
Հուշ են դարձել, միրաժ մահի,
Դարձել են միֆ,— սակայն, նայի՛ր —
15 Կանգնած է դեռ ահա անդրին
Այն գանգրահեր Ալեքսանդրի,
Այն պոետի՝ սրտով հրկեզ,
Որ այն մռայլ հեռուն երգեց
Իր երգերում մի օր հուրհուր —
20 Ու մնաց մե՜ծ, մնաց մաքո՜ւր...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Մե՞նք էլ գուցե, մի պայծառ հուր
Վառած բորբոք սրտերում մեր՝
Երգենք օրերն այս անվեհեր —
25 Ու մնանք մե՜ծ, մնանք մաքո՜ւր...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
1929. X