Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Հարցերը, անգամ «պրոբլեմը սիրո».—
Օ, բոլո՛ր, բոլո՛ր հարցերին արդեն
Դու վաղուց պատրաստ լուծումներ ունես,
Քեզ համար չկա ասպարեզ, որտեղ
Դու անդորրության հասած չլինես։—
30 Իսկ ե՞ս ի՞նչ պահեմ իմ հանցանքը ես.
Բարդ է ինձ համար աշխարհը մի քիչ,
Եվ բոլոր այդ բարդ հարցերի հանդեպ
Չե՛մ կարող այսօր ես թեթև խանդով
Արձակել միայն հիացմունքի ճիչ։—
35 Հե՜շտ է ձեզ համար մեր ուղին այսօր
Եվ չե՞ք նկարել շարունակ մեզ դուք,
Ինչպես ձեր գոված պոետն է ասել —
Այս ուղին, որպես մի «թեթև ոստյուն»։—
Փռված է այսօր կրկին ձեր առաջ
40 Այս ուղին, որպես հարսանիքի երթ,
Եվ դուք, երջանիկ թմբուկներ առած,
Երգում եք անվերջ հարսանիքի երգ —
Եվ ինքներդ ձեր երգով հիանում,—
Հասկանո՜ւմ եք դուք, թե ի՛նչ եք անում...
45 Չե՛մ ուզում գնալ ես ճանապարհով,
Ուղիով ձեր այդ` զարմանալի հեշտ,
Գերադասում եմ ուղին քարքարոտ,
Որով շարունակ ընթացե՛լ եմ ես։—
Եվ մի՛ք շփոթի ձեր ուղին այդ հեշտ,
50 Այդ ուղին թեթև խաղի ու պարի —
Պրոլետարիատի ճանապարհի հետ,
Նրա մաքառման, նրա՛ պայքարի։—
Այդպես չի՛ այսօր շարքերով իր կուռ
Սրբում նա իրեն պայքարի բոցում,
55 Եվ աշխատանքի հնոցում անդուլ
Այսպես չի՛ այսօր նոր կյանք կառուցում։—