Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

                     Մանկությու՛ն իմ ոսկեծամ․․․
                                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

I


Օ, մանկության մասին գրել են շատ-շատերը.
Մի կողմ թողնենք եթե մենք հներին —
Պիտի թվենք նրանց, որ գրքերում գրել են
Ողջ պատմությունն իրենց այդ օրերի։—
5 Ես էլ ահա փորձում եմ իմ մանկության օրերը
Ուրիշների նման առնել գրի։—
Ու՛ժ տուր, Մուսա՛, գրչիս, որ կարենամ հիմա
Մանկությունս երգել ուրիշների նման։—

II


Տալստո՛յ, ժան-Ժակ-Ռուսսո՛, Ֆլոբե՛ր, դե-Ամիչի՛ս,
10 Բայլզա՛կ, Ռեդյարդ Կիպլի՛նգ, Զորյան ու Մահարի՛...
Օ, չհուզի քեզ թող, իմ ընթերցո՛ղ, որ ես
Վերջին երկու անունը դրանց շարքում գրի։—
Խաբուսիկ է հաճախ գրական բախտն այդպես,
Գրողներին եթե ըստ նյութերի
15 Մենք դատելու լինենք... Բայց չե՞ն անում արդյոք
Միևնույնը — մեր նոր քննադատներն այսօր։

III


Եթե նայենք նրանց — այսօր ունենք արդեն
Մենք թե՛ Շեքսպիր, թե՛ Դանտ, թե՛ էսքիլես, թե՛

Պո։—

Բավական է երգես երկաթաթերթ վարդեր —