Դառնանք — բարբառենք նզովք մենք նախ
Մսրամելիքի՛ն, թագավորի՛ն։
Դառնանք — բարբառենք նզովք ապա
Ձենով-Օհանին, իշխանին նե՛նգ։ 5
Դառնանք — բարբառենք նզովք ապա
Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,
Որ բերին մեզ մահ, ու մուժ, ու նեռ։
Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր
Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ, 10
Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,
Մհերին՝ նրա որդուն անմահ,—
Ողջ ժողովրդին ապա Սասմա,
Որ լուրթ լեռներում մի օր բազմած
Հորինեց պայծառ զրույցը այս — 15
Եվ անցավ անհետ, դարձավ երազ։—
Սկսենք ապա հանգով ճարտար
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Որ մնալու է հավիտյան — հա՛ր
Զրույց իմաստուն և ոսկեբառ։—