Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ
205 Գա, անցնի նրա փայլատակող
Արնահոտ, դաժան թրի տակով։—
Եվ ժողովուրդը Սասմա անկոր՝
Խեղճացած, խոնարհ ու գլխիկոր,
Անցավ Օհանի դժնի կամքով
210 Մսրամելիքի թրի տակով։—
Մելիքը, շողշող զրահ հագին,
Կանգնեց՝ ահռելի ու ահագին,
Եվ ժողովուրդը, մանուկ ու կին,
Անցավ պողպատե թրի տակից։
215 Բայց հերթը հասավ երբ Դավիթին՝
Չմոտեցա՛վ նա չարի թրին,
«Չե՛մ անցնի»— ասաց կամքով անկոր —
«Մսրամելիքի թրի տակով»:

ԺԵ


Ոլորեց աչքերը արնակոխ
220 Մսրամելիքը Դավթի վրա,
Մտրակեց ապա նժույգն իրա,
Մտրակեց, քշեց Դավթի վրա,
Որ սմբակներով հրահըրան
Ոտնակոխ անի, ճզմի նրան։—
225 Բայց մանուկ Դավիթն անփույթ, ուրախ,
Իբրև խաղ մանկան մի հրածին,
Բռնեց Մելիքի ձիու սանձից,
Ետ գնաց, ահռեց Մելիքի ձին,
Եվ մնաց Մելիքն այն չարածին
230 Կախված ահաբեկ ձիու սանձից։
Մռընչաց Մելիքն ահով անծիր,