Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքա՜ն աշխատանք ու խոհ կա այստեղ,
50 Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում։—
Որի դարերից գոսացած դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի,—
55 Կիզվել է հրով երկիրը հիմքից
Ու շռնդալով շինվում է հիմի։
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր —
Այս այգաբացի երթը զրնգուն
60 Իմ բարձրաշառաչ ե՛րգն է ավետել։
Հիմա՝ վաստակած ու ձեռքիս քնար՝
Ելնում եմ ահա կրկին ժպտադեմ,
Որ սերունդների գործին անկոբար
Խոհով ծանրացած իմ երգը խառնեմ։

65 Ես չե՛մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ ներսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի՛շ խոհերի գնդեր։—
Ներկան է հիմա իմ դեմ աղմկում,
70 Ինչպես կրքերի ամեհի մի ծով,—
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով։
Անցնում եմ իմ նո՛ր խոհերին գերի—
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,
75 Անքուն կրքերի, զգացմունքների
Լա՜յն, անծայրածի՜ր օվկիանն է եռում։

Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա՛րս է միայն ինձ հետ միասին,—
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ