Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ձայն տվեց ուստի Դավիթը քաջ.
«Վե՛ր կացեք, ելե՛ք, զորքե՛ր քնած,
465 «Որ չասեք հետո, թե մենք քնած՝
«Դավիթը գող–գող եկավ գնաց»։
Արթնացավ իսկույն բանակն ամբողջ,
Թնդյուն, շառաչյուն, շռինդ ու կոչ,
Ձիերի խրխինջ ու խրխնջոց,
470 Զենքերի շաչյուն, ու հուր, ու բոց...
Հավաքեց Դավիթն իր ուժը ողջ,
Մրրիկի նման հուր-ձին թողեց,
Կայծակներ թռան քարից, հողից,
Արեգակն անգամ գույնը փոխեց,
475 Երբ սուրն արձակեց հրե շողեր։—
Շարժելով այսպես իր սուրն հրե,
Սկսեց հնձել, ինչպես ցորեն,
Մսրամելիքի զորքը զորեղ,
Որ Սասմա վրա քանի՜ օր էր
480 Եկել էր, նստել, ինչպես մորեխ։—
Ահեղ էր Դավիթն ու ահավոր,
Իբրև այր արդար, ռամիկ զինվոր,
Իբրև անսասան դյուցազուն, որ
Կռվում էր սրով իր անպարտ հոր։—
485 Երբ տեսավ նրա ցասումն այդ խոր
Մսրամելիքի զորքը բոլոր,
Դեմ ելավ նրան մի ալևոր
Մսրա աշխարհից եկած զինվոր։—
«Դավի՛թ»— բարբառեց զինվորը ծեր —
«Ինչո՞ւ ես մեր դեմ կռվի ելել,
490 «Մսրամելիքն է, արքան այն նեռ,
«Մեզ քշել, բռնի Սասուն բերել․
«Ո՜վ Դավիթ»— կանչեց— «Ո՜վ միամիտ,
«Դյուցազո՛ւն Դավիթ՝ մեզ պես ռամիկ,