Մսրամելիքը իր ձին քշեց,
Հեռացավ, եկավ, և ապա շեղ
Հարվածով դժնի, թափով ուժեղ 645
Հարվածեց Դավթին, որ նրա սեգ,
Բարձրաբերձ կուրծքը միջից կիսել —
Երբ զարկեց Մելիքն հարվածն ուժեղ,
«Հո՜ղ դարձավ Դավիթ» — դարձավ ասեց.
«Այստե՜ղ եմ» — կանչեց Դավիթը սեգ, 650
Եվ ահով լցվեց Մելիքը սև։—
Նա երկրորդ անգամ իր ձին քշեց,
Եկավ, հարվածեց հարվածով շեղ.
«Հո՜ղ դարձավ Դավիթ» — էլի ասեց
«Այստե՜ղ եմ» — կանչեց Դավիթը սեգ։— 655
Եվ երրորդ անգամ իր ձին քշեց
Մսրամելիքը, արքան այն սև,
Եկավ, հարվածեց գուրզով ուժեղ.
«Այս անգամ մեռա՜վ Դավիթն» — ասեց.
«Այստե՜ղ եմ» — կանչեց Դավիթը սեգ. 660
«Կանգնի՛ր, ո՛վ Մելիք, ո՛վ արքա սև,—
«Ե՛ս պիտի հիմա իմ ձին քշեմ»։
Երբ կանգնեց Մելիքը նրա դեմ
«Դավի՛թ» — բարբառեց — «Ռամի՛կ զորեղ,
«Թո՛ղ, մանուկ Դավիթ, խոր հոր փորեմ, 665
«Մտնեմ նրա մեջ, գլխիս քաշեմ
«Քառասուն կաշի, քառասուն քար —
«Եվ ապա՛ արի, քո զարկը զարկ»։
«Լա՛վ» — ասաց Դավիթն արքային չար.
«Թող փորեն խոր հոր, քաշեն թող քար,— 670
«Չի՛ փրկի, Մելի՛ք, քեզ ո՛չ մի ճար
«Սասունցի Դավթի զարկից արդար»։