ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք
երկար՝
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ։ 5
Այն անգո առավոտից, երբ լեգենդական
Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
Արարատյան դաշտում,— որպես զրույց անծայր մի
Տարածվել է ուղին մեր անպատմելի, 10
Անծայրածիր ձգվել դարերով ձիգ,
Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր...
Բայց ուղին մեր եղել է մի՛շտ մթին,
Եղել է անստույգ[1] ու անփառունակ, 15
Տարածվել է անբոց ու անժպիտ՝
Ուրիշների փայլով շարունակ
Շառագունված — որքա՜ն, որքա՜ն աղետավոր...
Որպես անմիտ զրույց՝ մեզ պատմել են մի օր
Նախնիների մասին մեր փառապանծ, 20
Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն
Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ
Եվ երկրային ընթացք մի անիմաստ...