Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

55 Ապագայի գրքում,— որ տարիներ հազար
Քայլելու է այդպես անուղի,—
Որ պատմության մռայլ քառուղիներում
Նա բազմաթիվ դարեր պիտի այդպես տանի
Իր բզկտված կողերը — դեպի ի՜նչ անհայտ հեռու,
60 Ի՜նչ արոտներ կարմիր ու արնանիստ․..
Օ՜, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե,—
Նիհար, կողերը լերկ, նա անցել է անծայր
Տափաստաններ, մինչև նա հանգիստ է առել
64 Այս Մասիսի հանդեպ անիրական,
Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում,
Եվ՝ լուսնի դեմ նստած՝ նա երկար
Ոռնացել է իր վիշտը անկշտում,—
Ոռնացել է անձուկ իր տառապանքը,
70 Անասնական իր քաղցը,— և ոռնոցը նրա
Դարձել է հիմնը մեր անարձագանք —
Ու դարերով հնչել մեր պատմության վրա...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
75 Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը՝ մեր հին մատյաններում երգած՝
Եղել է եղկություն ու քծնություն քսու։—
Օ, դու՛ք, մեր վաղեմի առաջնորդները,
80 Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ,—
Դու՛ք, որ դարեր երկար, հազարամյակներ,
Ուրուների նման անկերպարանք
85 Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
Օտար խարույկներից հայցել ոգու կրակ,—