Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես ցողն է լինում ծաղիկների վրա՝
Թափանցիկ, վաղընջական ու գերող —
Այդ թերթիկը կապույտ ալեկոծեց նրան
Հուշերով՝ չճաշակած մի քաղցրություն բուրող...
60 Հիշեց։— Ե՞րբ էր արդյոք։— Դեռ ինքը՝ երիտասարդ՝
Լցված երազներով ու հույզերով,
Երևանից մինչև այն եզերքը հասած՝
Բռընկվեց անկարելի մի սիրով...
Մռայլ հեռուներից եկած մի աբեղա,
65 Ընտելացած խոհեմ երազի ու կյանքի —
Զգեցած սուրբ վարքի խստաբարո ուրար —
Դեմ հանդիման եկավ այդ տենչանքին անգին...
Եվ հանկարծ — այնքա՜ն պայծառ,
Կարծես այսօր լիներ, հենց հիմա —
70 Պատկերացավ նրան այդ անցյալը
Մի տեսիլի նման։—
Կանգնեց իր դեմ աղջիկը․— ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր,—
75 Ի՜նչ մեղսական ու հույլ տենչանքների համար
Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի...
Երիտասարդ էր, կուրծքը հեշտանքով լի,
Բարակ մատներն ինչպես սիրո տավիղ․—
Մորմոքում էր իր սիրտը անհուն ցավից,
80 Երբ դիտում էր պատկերն այդ մեղսալի...
Այդ ե՞րբ էր. երե՞կ էր, թե տարինե՜ր,
Տասնամյակնե՜ր առաջ... Եվ ե՞րբ անցավ․․․
Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց —
Եվ ինքը ամբո՛ղջը մոռացավ։—
85 Եվ ի՞նչ մնաց։— Այս թերթը ոսկերիզ,
Այս թերթիկը կապույտ, ինչպես անուրջը,
Ուր գրում է նա իր հրաժեշտի խոսքերը,