Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն ոսկեծամ աղջիկը — Շարլոտտա Շույլցը։—
Մի բաց—կապույտ թերթիկ, վերևը զարդարած
90 Սուվենիրով խրթին ու մանրանկար,
Եվ գոթական սուրսայր նշաններով գրած
Ոտանավոր մի խեղճ ու անքանքար..․
Ահավասի՛կ ամբողջը։— Երկա՜ր, երկա՜ր նայեց
Սուվենիրին նա նուրբ ու գրերին,
95 Ուզեց ճմլել այդ թերթը, ինչ—որ մի տեղ պահել,
Կամ պատառոտել նվերը,—
Սակայն թողեց. թաղեց թերթերում ա՛յլ,
Կամքի վերջին ճիգով քերեց խոհերից,
Եվ սկսեց թերթել զգաստությամբ մռայլ
100 Մյուս թերթերը հին։—
Եվ հետո, արդեն լուսադեմին,
Երբ մոտենում էր տնից հեռանալու ժամը —
Նա գզրոցից հանեց տետրակ մի հին,
Որ նայի նրան մի անգա՛մ էլ։
105 Երկա՜ր, երկա՜ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ հագին,—
Եվ սկսեց թերթել...
Նախ թերթում էր այնպես, աննպատակ,
110 Հետո աչքին ընկավ մի բայաթի,
Սկսեց կարդալ մի հատված,
Հետո խորասուզվեց — և մինչև առավոտի
Շողն առաջին ընկավ սենյակից ներս —
Նա կարդում էր, կարդում էր, մոռացած, որ պիտի
115 Շուտով թողնի ամբողջը և ելնի վեր...
Երկա՜ր, երկա՜ր կարդաց:— Մի երկու տեղ
Նկատեց փոքրիկ վրիպումներ
Եվ մատիտով ուղղեց:— Հետո թեթև
Այլ ուղղումներ արավ,— սակայն անվերջ