Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

120 Գիտակցության տակից, իր էության
Մութ խորքերից, ուր միտքը վախում էր թափանցել —
Տագնապալից աճում էր ահանման մի բան
Կասկածի պես անորոշ ու անձև...
Արդեն մոտենում էր առավոտը, և նա պիտի գնար,
125 Սակայն կարդում էր դեռ,— և հանկարծ
Տագնապալից այն միտքը անհնար
Բարձրացավ, ցցվեց ուղեղում՝ զարմանալի ուռուցիկ

ու պայծառ:—

Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում․
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը,
130 Եվ չի՞ արդյոք եղել իր ողջանուծ հեռուն
Մի թիարան վատթար,— և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած —
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
135 Սերունդների երթին ի վնաս.․․
Վաղու՜ց են չարաշուք այդ խոհերը խոցել
Անօգնական իր սիրտը,— սակայն ամեն անգամ
Հենց որ հանել է գիրքը և կարդացել —
Ինչ—որ անհուն մի բան,
140 Զարմանալի մի բան՝ կարոտի
Ու թովչության նման անհասկանալի —
Ողողել է իր սիրտը և կոկորդում
Իբրև արցունք՝ հորդել... Օ՜, անձկալի
Ժամեր միայնությա՛ն, ընդվզումի՛, խոհի՛,
145 Ոգու ըմբոստության ու կորովի,—
Ստեղծագործ մտքի թռի՛չք ամեհի՝
Ճգնության պես անձուկ ու թովիչ․․․
Եվ հայրենի բարբառը՝ որոտաձայն, հախուռն,
Ոգու անեղծ հրով սրբագործած,—
150 Եվ խորախոց խոհերը տարիներում անդուռ —