Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած

հայացքներիս հանդեպ,

Որ ուղեցույց են հայցում, և՛ առաջնորդ արդար, և

կորովի հանճար —

55 Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած

զարհուրանքը —

Դժողքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը

բազմաչարչար...

Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես

ոգուս խորքը,—

Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ

ուղիներով,

60 Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր

քեզ երկնային դժողքը:—

Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ

ու վարպետ,

Քերթության թոթովախոս մանուկ և այր

բազմավաստակ,

Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով

անհունորեն տարբեր,

Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն

մարդկության երկու տարբեր հասակ։—

65 Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ

երկար,

Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում

արնափրփուր մի գետ,

Որ բաժանում է դժնի անցյալից այո լուսավոր

ներկան,—

Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ

նավարկենք քեզ հետ։—