Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԶՐԱՀԱՊԱՏ «ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ»

     
Հեռագիրը եկել էր տասնևհինգ ժամ առաջ
Ցերեկը, ժամը տասներկուսին։
Նա վերցըրել էր թուղթը, կարդացել էր արագ,
Եվ, հազիվ նկատելի, ցնցվել էր ուսը։—
5 Հեռագրում գրված էր երկու տող.
«Ալեքպոլ: Հույժ կարևոր: Արագ:
«Զրահապատ «Վարդան Զորավարը» թող
«Անմիջապես մեկնի Երևան:— Նախարար»:
Այժմ — երեքն էր ժամի գիշերվա։
10 Զրահապատի խուցում նա քայլում էր անքուն:
Պարզ է։ Կանչում են Երևան,
Որ զինաթափ անեն — և թաքուն
Մի անկյունում...— Օ, ո՛չ.
Ո՛չ երեխա է ինքը, ո՛չ մանուկ:
15 Այսօր քաղաքն ամբողջ
Ցույց էր անում։—
Անհանգիստ է քաղաքը։— Զորքերը գրգռված,
Բանվորները՝ պատրաստ պայքարի.
Բավական է թերևս մի կշըռված հարված,
20 Որպեսզի ողջը պարի։—
Այսինքն՝ գնա գլխիվայր
Այն մեքենան մռայլ, այն մղձավանջն անդուռ,
Կամ թիարանը այն,
Որ կոչվում է «Հայաստանի Հանրապետություն»։